Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունն ու բարեկամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում՝ ներկայացնելով դրանց հիմնական ուղղությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ մշակման փուլում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը բարելավումներ է նախատեսում նաև օտարերկրյա ուսանողների ուսուցման կազմակերպման առումով: «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում անդրադարձ է եղել նաև ուսանողների փոխանակման ծրագրերին, միջբուհական համագործակցությանը, համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է նաև մասնագիտական ուսուցման ոլորտում երկու երկրների կրթական կառույցների միջև փոխգործակցության ստեղծումը՝ որպես կապերի ամրապնդման հնարավորություն:

Նգուեն Վան Ֆուկը ևս կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ նշելով, որ վիետնամական կողմն առանձնակի հետաքրքրված է «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի գործունեությամբ, և կարևորվում են համանման կառույցների միջև կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

163