Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՐԿՐԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՄՆ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԼԵՎՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ․

Հարգելի՛ երկրաբաններ, այսօր նշվում է ձեր մասնագիտական տոնը՝ Երկրաբանի օրը, որը խորհրդանշական օր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց մասնագիտական կյանքը նվիրել են մեր մոլորակի ընդերքը ճանաչելուն։

1966 թվականից ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է Երկրաբանի օրը, ինչը խորհրդանշում է ոչ միայն մասնագիտության կարևորությունը, այլև ձմռան ավարտն ու դաշտային արշավների ու հետազոտական աշխատանքների մեկնարկը: ՀՀ կառավարությունը կարևորելով այս մասնագիտության դերը երկրի տնտեսական բարգավաճման ու տեխնոլոգիական զարգացման գործում 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշմամբ պաշտոնապես հաստատել է որպես Երկրաբանի օր։

Հարգելի´ երկրաբաններ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ երկրաբանի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ նոր բացահայտումներ, բեղմնավոր արշավներ, ճշգրիտ կանխատեսումներ և հաջողակ ծրագրեր: Թող ձեր կողմնացույցը միշտ ուղղվի ճիշտ ուղղությամբ, և թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր ի նպաստ մեր երկրի զարգացման:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոերկրաբանական բլոկի աշխատակիցներին։ Դուք կանգնած եք ամենաթանկ բնական ռեսուրսներից մեկի՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության, պահպանության և ռացիոնալ օգտագործման առաջնագծում։ Ձեր բարձր մասնագիտական որակավորման, պատասխանատվության և նվիրվածության շնորհիվ իրականացվում է համակարգված մոնիթորինգ, ձևավորվում է հուսալի տվյալների բազա, բացահայտվում են թանկարժեք ջրային պաշարներ և ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ՝ ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնավորված որոշումների կայացման համար։

Այս տոնական օրը ցանկանում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ ձեր կատարած պատասխանատու աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և ոլորտի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ընդհանուր առաքելության՝ ծառայելու բնությանը, գիտությանը և հասարակությանը։

Թո՛ղ ձեր ուղին միշտ լինի լուսավոր, հետազոտությունները՝ արդյունավետ, իսկ ջուրը՝ մաքուր և առատ։

428