
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:
Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ,
Արտաքին միջամտությունն այլևս բացառիկ երևույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական և հաճախ անտեսանելի: Այն չի դրսևորվում բացահայտ ագրեսիայի ձևով:
Արտաքին միջամտությունը մեկ հարված չէ, այլ ռազմավարություն. ապատեղեկատվական արշավներ, որոնք կասկածներ են սերմանում մեր ընտրություններում, կիբեռհարձակումներ, որոնք խարխլում են վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ, ֆինանսական խողովակներ, որոնք թափանցում են քաղաքական դաշտ և նպատակային փորձեր՝ ներսից բևեռացնելու և ապակայունացնելու բաց հասարակությունները:
Վերջերս գնալով ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը և նման հարթակներն ու սոցիալական մեդիայի այլ ձևերը ազդում ընտրությունների արդյունքների վրա: Հայաստանում եւս մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների: Varieties of Democracy նախաձեռնությունն արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաև Հայաստանում՝ լրատվամիջոցների միջոցով, որոնք ֆինանսավորվում են երրորդ կողմից: Որպես օրենսդիր՝ ես արձագանքում եմ երկու առանցքային ուղղությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններ՝ ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար և մեդիագրագիտության զարգացման ներդրումներ՝ դեռ վաղ տարիքից:
Բայց կա ելք: Եվ այն սկսվում է հստակ պատկերացումից, թե ինչի առաջ ենք կանգնած և ինչ լուծումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. այն պետք է լինի ոչ միայն ազգային, այլև ժողովրդավարական, ոչ միայն ռազմական, այլև թվային, տեղեկատվական և քաղաքացիական: Մենք պետք է ներդրումներ կատարենք ոչ միայն պաշտպանական համակարգերում, այլև հանրային դիմադրողականության մեջ: Պետք է ամրապնդենք մեր հասարակությունների դիմակայունությունը՝ կրթության, մեդիագրագիտության և թափանցիկության միջոցով:
Եվ ամենակարևորը՝ պետք է միասին աշխատենք»,- ասել է պատգամավորը: