
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` կարևորելով բոլոր տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին:
Հանդիպումն ավարտվել է երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում անվտանգության տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և այլ հարցերի լուծմանը: