Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը «Ինժեներական քաղաք» ծրագրին, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ որոշում ընդունեց:

«Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Սա՝ մի կողմից, մյուս կողմից՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում»,- նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նշեց, որ հողակտորների նախնական սահմանված սահմանափակումները, այն է՝ տրամադրել մինչև 500 քմ հողակտոր ընկերություններին, դժվարություններ են ստեղծում այդ ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերությունները անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ: Դա, նախարարության կարծիքով, ինչպես նաև «Ինժեներական քաղաքում» արդեն իսկ ռեզիդենտ ընկերությունների միաձայն որոշմամբ, միանշանակ գալիս է վերջնականացնելու և նպաստելու ինժեներական համայնքի էկոհամակարգի կայացմանը, որովհետև սա բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք», տասնյակ կամ հարյուրավոր՝ բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է:

ԿԳՄՍ նախարարն էլ հավելեց, որ ԵՊՀ-ում կտեղադրվի Հայաստանի ձեռք բերած նոր գերհամակարգիչը։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ գերհամակարգչային կենտրոնն արդեն կգործի: 

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորել են և NVIDIA ընկերությունից ձեռք են բերել նոր սուպերհամակարգիչ: «Ես գիտեմ, որ սուպերհամակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է և պետք է տեղադրվեր: Տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան»,– ասաց Փաշինյանը՝ հարցնելով, թե ուր են հասել տեղադրման ու հասանելի դարձնելու աշխատանքների մասով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2024-ի դեկտեմբերի 26-ից արդեն սուպերհամակարգիչը Հայաստանում է: 

«Հիմա իրականացվում են  տեղադրման աշխատանքները: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը Երևանի պետական համալսարանն է: Ձեռք բերված գերհամակարգիչն արդեն իսկ Ինժեներեկան քաղաքում տեղադրված գերհամակարգչի կրկնություննը չէ, մենք ունենք սկզբունքորեն այլ գործառութային հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Եվ այդ հաշվարկներն անհրաժեշտ են տարբեր ուղղություններով․ կարող են լինել բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, նաև կարող է օգտագործվել առողջապահական, կենսաբժշկական հետազոտությունների համար և այլն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հաշի առնելով, որ այն տեղակայվելու է ԵՊՀ-ում, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ստեղծվելու: «Այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս»,– նշեց Անդրեասյանը: 

Նախարարը հայտնեց՝ պլանավորել են, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկեն մայիսից և կարճ ժամկետում ավարտեն: Անդրեասյանը կարծում է, որ կենտրոնը տարեվերջին կկարողանա գործել:

329