
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ-ի հետ համագործակցության նշանակությունն ու արձանագրված հաջողությունները, ինչպես նաև հանձնառությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Ներկայացվել է Սնանկության նոր օրենսգրքի նախագծի մշակման գործընթացը: Տիգրան Դադունցը նշել է, որ նախագիծը արդեն իսկ ներկայացվել է հանրային քննարկման և առաջիկայում կազմակերպվելու են մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ընդգծվել է Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագիտական դիտարկումների կարևորությունը նախագծի լրամշակման փուլում: Կողմերը կարևորել են սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչը էական նշանակություն ունի նաև ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված թիրախների ապահովման համար: