
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած իրանա-ամերիկյան անուղղակի բանակցություններին նախորդել է Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարներ Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի և Աբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր գործընկերոջը ներկայացրել է առաջիկա բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բանակցություններն ընդունած կողմն այդ տեսակետները փոխանցելու է ամերիկացի բանագնացներին։
Իրանական Tasnim լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններն ապրիլի 12-ին Օմանի սուլթանության մայրաքաղաք Մասկատում բանակցելու են իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Դա լինելու է նշված հարցով կողմերի առաջին բանակցությունը՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում։
Ակնկալվում է, որ անուղղակի բանակցությունները սկսվելու են օրվա երկրորդ կեսին։ Ամերիկյան կողմից քննարկումներին մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը, իրանականից՝ արտգործնախարար Աբաս Արաղչին։ Բանակցությունների միջնորդն է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ Ալ Բուսաիդին, որը կողմերին է փոխանցելու նրանց հաղորդագրությունները։