Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է արդյունքներ գրանցենք, սա է հիմնական հարցը։ Պետք է արդարացնենք սպասումները, այլապես տրամադրությունները կարող են կրկին փոխվել։ Չեմ տեսնում էական տարբերություն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումների մեջ, բացի այն փաստից, որ, ինչպես արդեն նշել եմ, հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են։ Կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր։ Բայց, կարծում եմ, երկու դեպքում էլ կա պատրաստակամություն։

Անդրադառնալով «ՀՀ վարչապետը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ, ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև. կարո՞ղ է վերջապես կարգավորվել» հարցին՝ Միրզոյանը պատասխանեց.

«Վարչապետն այդպես է ասել։ Ավելին՝ ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց, գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան՝ ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։

Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում ու հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է՝ ի՞նչ ենք մենք ընտրում»։

212