Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։ Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական և գործարար միջավայրի վերաբերյալ հետազոտությունների կատարելագործմանը։

Կարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ համագործակցությունը միտված է խթանելու ուսանողների ու հետազոտողների ներգրավվածությունը ՊԵԿ-ի տվյալահեն նախագծերում՝ նպաստելով պետական հատվածի արդիականացմանը համապատասխան նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանի խոսքով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի համար պատիվ է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ ռազմավարական նոր գործակցությունը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիների համար։ ՀԱՀ-ի ուսանողները կօգտվեն նոր համագործակցության ընձեռած եզակի հնարավորություններից, ինչի համար Ամերիկյան համալսարանն ընտրվել է որպես գործընկեր՝ հաշվի առնելով նրա ակադեմիական բարձր ցուցանիշներն ու Հայաստանի և արտերկրի շրջանակում վայելող հեղինակությունը։

Միջոցառման շրջանակում անցակցվել է նաև Կիրառական հետազոտությունների աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հարկային վարչարարությունում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության կիրառմանը։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն առաջին պետական կառույցն է, որ համակարգում կիրառում է այդ գործիքները և վերջին տարիներին հետևողականորեն ներդնում է ժամանակակից տվյալահենք լուծումներ՝ աշխատանքը դարձնելով ավելի թիրախային, արդիական և թափանցիկ՝ կարևորելով միջազգային և ակադեմիական համայնքների հետ համագործակցությանը, որոնք իրենց փորձով ու գիտելիքով էականորեն նպաստել են ՊԵԿ-ի ռազմավարական նախաձեռնությունների առաջմղմանը։ «Աշխատաժողովի նպատակն է ոչ միայն արդեն իրականացված համագործակցության արդյունքների ամփոփումը, այլև ընդգծել՝ առաջիկա նախաձեռնությունների կարևորությունը։ Սա արժեքավոր հարթակ է՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, որոնց միջոցով կարող ենք համատեղ ձևավորել արդյունավետ, տվյալահեն և առաջադեմ մոտեցումներով առաջնորդվող պետական համակարգ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հանրային ծառայության նոր մակարդակի ձևավորմանը։ Այս համագործակցությունը ոչ միայն ակադեմիական և պետական հատվածների միջև կամուրջ կդառնա, այլև կխթանի Հայաստանում արհեստական բանականության ու տվյալագիտության ոլորտների համապարփակ զարգացումը»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի համագործակցության շրջանակում, Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի և Աֆեյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ, 2019 թվականից համատեղ իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես՝ հարկերից խուսափման մոդելի մշակում՝ համադրելով ՊԵԿ տվյալները, փորձագիտական գնահատականները և մեքենայական ուսուցման գործիքները։ Ընդ որում, այսօր գործող օրենսդրությամբ՝ ՊԵԿ կողմից իրականացվող տարեկան ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների ցանկերի 10%-ը ձևավորվում է այդ մոդելի աշխատանքի արդյունքում։ Մշակվել է նաև ապրանքների հետագծելիության մոդելներ, ինչպես նաև իրականացվել է տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների վարքագծի վերլուծություն՝ ռիսկային վարքագծի օրինաչափությունները գնահատելու նպատակով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ 2024 թվականին մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի համար ռազմավարական նշանակություն ունեցող մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ամբողջական համակարգի ներդրման ծրագիրը։ Այն իրականացվում է միջազգային և տեղական փորձառու գործընկերների՝ Բոստոնում գործող Interpretable AI և Երևանում գործող Daniam LLC ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նշանավորում է տեխնոլոգիական առաջընթացի նոր և նշանակալի փուլ՝ ՊԵԿ-ի աշխատանքային մոտեցումների և տվյալահեն քաղաքականության իրականացման ճանապարհին։ Համագործակցային նախագծերը նպաստել են նոր մոդելների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը՝ խթանելով ՊԵԿ կառավարման արդյունավետության բարձրացումը, հաշվետվողականությունը։

Աշխատաժողովի ընթացքում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել նաև Համաշխարհային բանկի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները։

223