Դեկտեմբերի 9-ին իր աշխատանքն է սկսել «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» (To BE! That's not a question!)՝ տեղեկացնում են  փառատոնի մամուլի ծառայությունից։ 

Ելնելով ստեղծված պատերազմական իրավիճակից՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն անցկացնել օնլայն տիրույթում՝ ս․թ․ դեկտեմբերի 9-15-ը։ Սովորաբար «Հայ ֆեստ»-ը տեղի է ունենում հոկտեմբերի 1-8-ը։

Փառատոնի մեկնարկը տրվեց ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացումով՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի մատուցմամբ։ Նշենք, որ ներկայացումը արժանացել է ռուսական ազգային թատերական մրցույթի՝ «Ոսկե դիմակի» ժյուրիի մրցանակին։

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ևս 4 աշխարհահռչակ ներկայացումներ։ Խոսքը Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա) ներկայացումների մասին է․ ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։  

Փառատոնի օրերին կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են՝ Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դևենթերը (Բելգիա)  և  թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, Театр ամսագրի գխավոր խմբագիր, NET փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։ Հիմնական բանախոսներ՝ Անդերս Բեյեր՝ Բերգենի փառատոնի տնօրեն (Նորվեգիա), Ուիլի Ուայթ՝ Դուբլինի թատերական փառատոնի տնօրեն (Իռլանդիա), Պիպո Դելբոնո՝ ռեժիսոր, «Պիպո Դելբոնո» թատրոնի գեղարվեստական ղեկավար (Իտալիա),  Յո Ստրոմգրեն՝ ռեժիսոր, պարաբեմադրիչ, «Յո Ստրոմգրեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար (Նորվեգիա), Լևան Խեթագուրի՝ թատերագետ, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի խորհրդի անդամ (Վրաստան), Պեդրո դե Ֆրեյտաս՝ «Ֆարոֆֆա» փառատոնի տնօրեն (Բրազիլիա), Հարիս Պասովիչ՝ Սարաևոյի «Իսթ-Ուեսթ» փառատոնի տնօրեն (Բոսնիա և Հերցեգովինա)։ 

«Հայ ֆեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կներկայացնի վարպետության դասերի մի ամբողջ շարք։ Այս վարպետության դասերի շնորհիվ մենք կփորձենք խոսել շատերին հետաքրքրող թեմաների մասին։ Մեր արտերկրի գործընկերները կներկայացվեն այն կարևոր քայլերը, որոնք պետք են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն նաև նրանց նշանակությունից, անհրաժեշտ հմտություններից՝ կապված արվեստի հետ։

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

2019-2021 թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

138