
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պատասխանատու հարկատուն նաև պետություն կերտող է, որն իր անհատական ու անմիջական ներդրումն է ունենում հայրենիքի զարգացման ու բարգավաճման կարևորագույն գործում՝ դրանով իսկ հաստատելով հարազատ երկրին տեր կանգնելու վճռականությունը:
Հայրենիքի բարգավաճմանը յուրաքանչյուրիս գործուն մասնակցության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ, որն ընդգծեց՝ պետություն-քաղաքացի հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխվստահության, միմյանց նկատմամբ անկեղծ և թափանցիկ հարաբերությունների վրա:
- Արդյո՞ք հարկերի պարտաճանաչ վճարումը, ինչպես հայտնի գովազդում է նշվում, զուտ հանգիստ քնի գրավական է:
- Չգիտեմ, թե դա որքանով է նպաստում հանգիստ քնելուն. այդ հարցին, երևի, ավելի լավ կպատասխանեն համապատասխան մասնագետները: Պարզապես կասեմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն զգում է այս երկրի քաղաքացի և այս երկրի տերը, նաև ստանձնում է որոշակի պարտավորություններ: Կարծում եմ, որ սա «քաղաքացի» եզրույթի ամենակարևոր բնորոշումն է: Քաղաքացին այս երկրի տերն է՝ նա, ով ծառայում է այս երկրի բանակում, հարկեր է վճարում, նա, ում անհանգստացնում են երկրի սոցիալ-տնտեսական և էկոլոգիական վիճակը, մշակույթին, կրթությանը, առողջապահությանը և մյուս ոլորտներին առնչվող խնդիրներն ու հոգսերը:
Եթե երկրի տերն ես, ուրեմն դու ես նրա համար պատասխանատուն, կազմակերպիչն ու ֆինանսավորողը: Իհարկե, յուրաքանչյուրն իր չափով, իր եկամուտներից ելնելով, բայց այստեղ կարևորը ոչ այնքան չափն է (դա արդեն զուտ ֆինանսական մարմինների որոշելիքն է), որքան այն գիտակցումը, որ դու այս երկիրը պահում ես քո հնարավորությունների սահմանում և պատասխանատու ես այս երկրի համար: Եթե խուսափում ես դրանից, արձանագրում ես, որ սա այլևս քո երկիրը չէ, դու այստեղ ժամանակավոր ես, որևէ իրավունք չունես: Սա նույնպես պետք է արձանագրել, որովհետև իրավունք կարող է ունենալ միայն այն մարդը, որը ունի որոշակի պարտավորություններ:
- Համամի՞տ եք այն պնդմանը, որ հարկ վճարելը նույնպես մշակույթ է, որի ձևավորման համար ժամանակ է անհրաժեշտ:
- Միանգամայն: Այդ մշակույթը մեզանում չի ձևավորվել, որովհետև երկար ժամանակ չենք ունեցել պետականություն, հետևաբար՝ օտարներին հարկ վճարելու ցանկություն: Կարծում եմ, որ հարկ վճարելու մշակույթի մասին խոսելիս առաջին հերթին պետք է արձանագրենք, որ դա նաև արժանապատվության հարց է: Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե ցանկություն է, այլ հենց արժանապատվության հարց է:
Տարիներ առաջ, երբ նոր էինք կարողանում ազատ մեկնել արտասահման, մեր սովորության համաձայն մեկ էլ զրուցակցից հետաքրքրվում էինք, թե որքան աշխատավարձ է ստանում: Դա, անկեղծ ասած, ոչ կոռեկտ հարց է, որի պատասխանը միշտ լինում էր շատ կտրուկ՝ ինչո՞ւ է դա ձեզ հետաքրքրում, մենք վճարում ենք մեր հարկերը: Տեսեք, պատասխանողն ընդգծում էր հենց «մենք վճարում ենք հարկերը» միտքը: Սա շատ կարևոր է:
Սա իսկապես մշակույթ է՝ բառի ամենալայն իմաստով: Մշակույթը միայն արվեստը չէ, դա քո հիգիենան է, բառապաշարը, ապրելու ձևը, վերաբերմունքն ուրիշի հանդեպ, բնությանը: Այս ամենը ձևավորվում է ժամանակի ընթացքում՝ մշտական աշխատանքով: Իզուր չէ, որ մշակույթ բառի արմատը «մշակ»-ն է: Այսինքն՝ այն, ինչ մշակվում է: Իսկ ինչը չես մշակում՝ մնում է վայրի ձևով:
Մեր համաքաղաքացիները, տեղափոխվելով այլ երկրներ, երբեմն փորձում են խուսափել հարկերը վճարելուց, բայց, հայտնվելով ոչ այնքան լավ վիճակում, հասկանում են՝ եթե ուզում են ապրել տվյալ երկրում, ուրեմն պետք է բարի լինեն վճարել հարկերը: Որտեղի՞ց է գալիս վճարելուց խուսափելու այդ ցանկությունը: Երևի, այստեղից են տանում իրենց հետ: Պետք է հասկանալ, որ այլ կերպ երկիր կառուցել չի լինի: Ուրիշ ճանապարհով երկիրը կարելի է միայն հանձնել օտարին: Բայց մենք ուզում ենք սեփական երկիր ունենալ, չէ՞: Ընդ որում, արժանապատիվ երկիր, որտեղ ապրում են արժանապատիվ քաղաքացիներ:
- Քանի որ օգտագործեցիք կառուցել բառը, կարո՞ղ ենք ասել, որ պատասխանատու հարկատուն նաև ինչ-որ առումով շինարար է՝ երկրի շինարար:
- Անշուշտ: Այստեղ, երևի, շատ կարևոր է նաև սեփական քաղաքացիների նկատմամբ պետության հաշվետու լինելը: Կառավարությունը տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում, բայց, կարծում եմ, դա կարելի է անել ավելի հաճախակի, որպեսզի մարդիկ հասկանան՝ պետությանը հարկ վճարելը չի նշանակում, որ օտարի ես վճարում: Ինքդ քեզ ես վճարում: Պարզապես գումարը փոխանցում ես մի կառույցի, որը շատ ավելի լավ գիտի՝ որտեղ, որքան պետք է ներդնել, որպեսզի կարողանանք կառուցել մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, թատրոններ, համերգասրահներ, զինել ու զարգացնել բանակը, լուծել էկոլոգիական հարցերը և այլն:
Սակայն, մարդիկ, անշուշտ, ուզում են իմանալ, թե իրենց վճարած հարկերը ի՞նչ նպատակների են ուղղվում, որքա՞ն և որտե՞ղ է ծախսվում: Սա շատ բնական պահանջ է, որովհետև, եթե ես եմ պահում այս պետությունը, ուրեմն ուզում եմ իմանալ, թե ինչպես եմ այն պահում:
- Պետությունն էլ պետք է առավելագույնս արդյունավետ տնօրինի իր քաղաքացիների վճարած հարկերը:
- Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը մի առիթով ասել էր, որ չկա պետության փողեր հասկացություն, կան հարկատուների փողեր: Եվ հարկատուներն, իհարկե, պետք է ամեն ինչ մանրամասն իմանան ու անհրաժեշտության դեպքում նաև որոշակի ճշտումներ մտցնեն: Եթե գումարն անարդյունավետ է ծախսվում, ապա միանշանակ պետք է բողոքեն: Եթե արդյունավետ է, ուրեմն պետք է պահանջեն, որ ավելի արդյունավետ տնօրինվի: Վերջիվերջո, կառավարությունը կառավարիչ մարմին է, որը տնօրինում է մեր տված գումարները: Նրա գործունեության գնահատականը որոշվում է այդ տնօրինման արդյունավետության աստիճանով: Եթե լավ է տնօրինում, արժանի է գովասանքի, եթե շատ վատ է տնօրինում, այդ ժամանակ կառավարությունը փոխվում է:
Քաղաքացին իրավունք ունի տեղեկանալու, թե ինչպես է ծախսվում իր վճարած հարկերի յուրաքանչյուր լուման: Եթե ուզում ենք ունենալ պատասխանատու հարկատու, ապա նրանից որևէ բան չպետք է թաքցնենք: Եթե փորձենք թաքցնել, նա էլ կսկսի թաքցնել իր գումարները: Վստահությունը պետք է փոխադարձ լինի և ամրագրվի կոնկրետ գործով:
- Այսինքն, կարևոր է ունենալ կառավարման մարմինների գործունեությունը վերահսկող մեխանի՞զմ:
- Ընդհանրապես ամեն ինչ մեր կյանքում հավասարակշռված է: Եթե որևէ ոլորտ չի վերահսկվում, այնտեղ միանգամից սկսվում են չարաշահումները: Սա պարզ է: Վերահսկողությունն անվստահության խնդիր չէ, դա նորմալ մեխանիզմ է, որը գործում է բոլոր ոլորտներում, հակառակ դեպքում մենք կհայտնվենք շատ աննախանձելի վիճակում: Դրա համար, երբ ստեղծվում է որևէ կառույց, միանգամից սահմանվում է վերահսկողություն: Նույն Ազգային ժողովում ընդդիմության կարևորագույն խնդիրը պետք է լինի վերահսկողությունը: Համենայնդեպս, հանրությունը առաջին հերթին դա է սպասում ընդդիմությունից: Իշխանությունը կփոխվի թե չի փոխվի, դա ուրիշ հարց է, որ լուծվում է ընտրությունների միջոցով: Բայց ընտրությունից ընտրություն ամենակարևոր գործառույթը վերահսկողությունն է: Ընդ որում, չի կարելի ասել, որ այդ վերահսկողությունը վերապահվում է միայն ընդդիմությանը և նրան ձայն տվողներին: Վերահսկողությունը պարտադիր է բոլորի համար և բոլորի պահանջն է:
Անկեղծ ասած՝ դա նաև կառավարչի համար է լավ, եթե, իհարկե, նա ազնիվ է: Որովհետև, եթե գիտես, որ ծախսածդ յուրաքանչյուր լուման վերահսկվում է, սկսում ես շատ ավելի պատասխանատու վերաբերել դրան, աչք չփակել: Այնպես որ, վերահսկողությանը շատ նորմալ եմ վերաբերվում: Այդտեղ որևէ արտառոց բան չկա՝ ստուգումներն առաջին հերթին պետք է կազմակերպվեն որպես օժանդակություն գործունեությունը ճիշտ ծավալելու համար: Բոլորս մարդ ենք և կարող ենք սխալվել որոշակի հաշվարկներում, այդ թվում՝ հարկեր վճարելիս: Եթե դա միտումնավոր, չար նպատակով չի արվում, այլ պարզապես սխալ հաշվարկի արդյունք է, պետք է օժանդակել այդ մարդկանց, օգնել, ոչ թե միանգամից պատժել: Նոր ենք անցնում եկամուտների համատարած հայտարարագրման սկզբունքին և պարզ է, որ շատ մարդիկ կարող են սխալվել այդ փաստաթուղթը լրացնելիս: Կարծում եմ, նաև բացատրական աշխատանքն է շատ մեծ դեր կատարում՝ առաջին հերթին այն բանի համար, որ մարդիկ իրենց զգան այս երկրի տերը՝ ամեն մի սանտիմետրի համար: