
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին և մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար»,–նշել է Թրամփը:
Նա ընդգծել է ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ «Մենք հպարտ ենք 1915–ին հիմնադրված՝ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,–շեշտել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է . «Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը»:
Թրամփը ընդգծել է՝ երջանիկ են, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի ԱՄՆ ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան ԱՄՆ կյանքում՝ լինելով ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–եզրափակել է ԱՄՆ նախագահը: