Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հինդու Քուշ Հիմալայան լեռնային զանգվածում ձյան պաշարները հասել են վերջին 23 տարվա ամենացածր մակարդակին՝ լուրջ մտահոգություն առաջացնելով մոտ երկու միլիարդ մարդու ջրամատակարարման հետ կապված: Այս մարդիկ կախված են գետերից և ջրամբարներից, որոնք սնվում են տարածաշրջանի ձյունածածկ գագաթների հալոցքային ջրերից:

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հինդու Քուշ-Հիմալայան համակարգը՝ Արկտիկայից և Անտարկտիդայից հետո քաղցրահամ ջրի ամենամեծ ջրամբարը, ընդգրկում է Աֆղանստանից մինչև Մյանմար տարածքը: Լեռնային շրջանների համապարփակ զարգացման միջազգային կենտրոնը (ICIMOD) հայտնում է սեզոնային ձյան ծածկույթի զգալի անկման մասին, ընդ որում ձյան ծածկույթի տևողությունը մակերևույթի վրա նվազել է նորմայից 23,6%-ով, ինչը վատագույն ցուցանիշն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում:

Տագնապալի միտումը շարունակվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Կենտրոնի տվյալներով՝ նման փոփոխությունները հանգեցնում են գետերի հոսքերի նվազմանը, ստորերկրյա ջրերից կախվածության ավելացմանը և երաշտի ռիսկի մեծացմանը։ Տարածաշրջանի մի քանի երկրներ արդեն նախազգուշացրել են երաշտի մասին ինչը վտանգի տակ է դնում ինչպես ապագա բերքատվությունը, այնպես էլ խմելու ջրի հասանելիությունը միլիոնավոր բնակիչների համար, ովքեր արդեն բախվում են ծայրահեղ շոգին և դրա հետևանքներին:

ICIMOD-ը, որը ներառում է տարածաշրջանի ութ երկրներ (Աֆղանստան, Բանգլադեշ, Բութան, Չինաստան, Հնդկաստան, Մյանմար, Նեպալ և Պակիստան), կոչ են անում հրատապ քայլեր ձեռնարկել ջրի կառավարման ավելի արդյունավետ ռազմավարությունների մշակման, վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար:

Հատկապես մտահոգիչ է իրավիճակը Մեկոնգ և Սալվին գետերի ավազաններում, որոնք ամենախոշորներից են Հարավարևելյան Ասիայում: Նրանք արդեն կորցրել են իրենց ձյան ծածկույթի կեսը, ինչը սպառնում է Չինաստանում և Մյանմարում ջրի պակասուրդի:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ Ասիան մնում է աշխարհի ամենախոցելի տարածաշրջանը կլիմայական աղետների համար: ՀՕԿ-ը նշում է, որ վերջին վեց տարիներից հինգում տարածաշրջանում սառցադաշտերի նահանջի տեմպերն ամենաարագն են եղել պատմության ընթացքում»,- գրում է Ազիզյանը:

109