
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիի Շերատոն հյուրանոցի դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։
Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր,, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից:
Հուշ-երեկոյին բանախոսեցին Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետազոտող Ռեգինա Գալստյանը։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Գերմանիա) և դաշնակահար Մամիկոն Նահապետովը (Վրաստան, Գերմանիա): Ավարտին ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը խոսեց Հայոց ցեղասպանության այլևս սրբադասված նահատակների բարեխոսության խորհրդի ու հայ ժողովրդի միասնական ոգին պահպանելու անհրաժեշտության մասին։
Երեկոյի ընթացքում սրահում կազմակերպվել էր նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով վրացի նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների շարքի ցուցադրությունը։