Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 30-ին հերթական անգամ կկայանա «Կոկա կոլա ֆեստը», որն ամեն տարի մեկ բեմում համատեղում է հայ և միջազգային աստղերի: Այս տարվա «հեդլայները», սակայն, դժգոհության ալիք է բարձրացրել:

Ֆեստի շրջանակում Հայաստան է հրավիրվել իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհի Sevdaliza-ն: Երգչուհին հանրությանը հայտնի է իր Alibi երգով, որը տիկտոկյան հիթ է համարվում, սակայն նրա երգացանկում կա նաև Messiah երգը, որի տեսահոլովակը հակասական էմոցիաներ է առաջացրել հանրության շրջանում, քանի որ երգչուհին այնտեղ կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա:

Առաջիններից թեմային անդրադարձել է բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը (haydalek). «Ես՝ ինքս, միշտ էլ կողմ եմ շատ առաջադեմ բաների, չեմ սիրում հետամնաց մտածելակերպ ու ստերեոտիպներ, եվրոպա-ամերիկանացմանը կողմ եմ՝ բայց դա ոչ մեր մշակույթի հաշվին: Ինքս ինձ երբեք հավատացյալ չեմ համարել, ոչ էլ խոսել եմ էդ թեմայով, բայց եկեղեցին համարում եմ հայկական մշակույթի անբաժան մաս, ու երբ տեսնում եմ՝ ոնց են մյուս ազգերն իրենց մշակույթը ի ցույց դնում, ոնց են Էմիրություններում իսլամը հարգել տալիս, կներեք, բայց ես չեմ ուզում իմ երկրում իմ մշակույթը ոտնահարեն ու գնան: Էնքան թքած ունեմ՝ ով ինչ կասի ու կմտածի, ես անելու եմ էն, ինչ էս պահին ուզում եմ»,-գրել է նա:

Թեմային անդրադարձել է նաև դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը:

«Եկեք մի պարզ բան հասկանանք՝ սա էն թեման չի, որը բարձրաձայնելուց մենք պետք է ամաչենք, նեղվենք, կամ մտածենք՝ մեզ սխալ կհասկանան»,-ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է դերասանուհին՝ կոչ  անելով չմոռանալ, որ մենք Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք:

Երգիչ Արթուր Խաչենցը, դիմելով փառատոնի կազմակերպիչներին, գրել է. «Եթե չչեղարկեք հակաքրիստոնեական այս արտիստի ելույթը Հայաստանում, բացեիբաց ցույց կտաք, որ դուք ընդհանրապես դեմ չեք անտիքրիստոնեական արժեքների սերմանմանը: Ֆեստին մասնակից ցանկացած անձ թող գոնե մեկ անգամ աղոթի ու խաչակնքվի գնալուց առաջ»:

Երգչուհու՝ Հայաստան հրավիրելուն դեմ են արտահայտվել մի շարք այլ հանրային դեմքեր:

Փառատոնի կազմակերպիչները ևս արձագանքել են բողոքին. «Կոկա Կոլա ֆեստ»-ի պաշտոնական էջում նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշված է. «Մենք լսում և ընդունում ենք հեդլայներ Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները: Մեր թիմը ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-նշված է փառատոնի ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ:

 

837