
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 24-ին Փարիզի սրտում՝ Սեն գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։
Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես են եկել CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետներ, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։