Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին։ 

-Պարո՛ն Գրիգորյան, լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը տարիներ շարունակ միջազգային հարթակներում բարձրաձայնվել է, քննադատվել, սակայն չի ստացել իր պատշաճ գնահատականը։ Ինչպիսին է Ձեր մոտեցումը այս իրողություններին։ 

-Ցավով պետք է արձանագրենք, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է բաց վերք մնալ ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության համար։ Ցեղասպանության չընդունումը չկատարած պարտականություն է թե՛ պատմության, և թե՛ արդարության առջև։ Այս պարագայում լռությունը հանցագործություն է։ Դեռևս 19-րդ դարի վերջին սկսված սարսափելի ոճրագործությունները նախերգը եղան և առիթ հանդիսացան ցեղասպանական ակտերի կրկնության։ Հայոց ցեղասպանությունը չավարտվեց և դրա անպատժելիության հետևանքի կրողը դարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հայությունը։ Անպատժելիության արմատները ձգվեցին, արմատավորվեցին և շարունակվեցին Բաքվում, Նախիջևանում, Շուշիում, Կիլիկիայում, Սումգայիթում, Գանձակում, Մարաղայում և ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ 2020թ․ Լեռնային Ղարաբաղում՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում, իսկ 2023թ․ սեպտեմբերին ցեղասպանության արմատները նոր դրսևորումներով հասան Լեռնային Ղարաբաղ՝ ի կատար ածելով վաղօրոք մշակված և ամենայն մանրամասնությամբ նախապատրաստած ցեղասպան ծրագիրը, որի նպատակն էր հայի ինքնության իսպառ ոչնչացումը։ Հայության դեմ ցեղասպան գործողությունների անպատժելիությունից դասեր քաղած Ադրբեջանի հայատյաց իշխանությունները շարունակեցին նույն ոճը՝ իրականացնելով էթնիկ զտումներ Արցախի հայության նկատմամբ։ Այս գործողությունները լիովին համապատասխանում են ցեղասպանության սահմանմանը՝ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից։ 

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը՝ ինչպես պատմական, այնպես էլ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին։ 

-Միջազգային հանրության արձագանքը, ցավոք, շարունակաբար մնացել է կիսատ և հակասական։ Չնայած մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործության դատապարտմանը՝ առ այսօր բացակայում է համընդհանուր, միանշանակ արձագանք՝ հիմնված իրավական պարտավորությունների վրա, որոնք ի զորու կլինեին կանխել նոր ցեղասպանությունների ալիքը հայության և ողջ մարդկության դեմ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կանխման և պատժման կոնվենցիան՝ ընդունված 1948թ., որը հենց Հայոց ցեղասպանության դառն իրականության ազդեցությամբ էր ստեղծվել, հաճախ անտեսվում է քաղաքական շահերի բախման պարագայում։ Հռչակագրային բնույթ կրող հայտարարությունները ոչ միայն արդյունավետ չեն այլ վտանգավոր, քանի որ խոչընդոտում են գործնական քայլերի իրականացմանն ու կանխարգելման մեխանիզմների ընդունմանն ու կիրառմանը։ Այդ բնույթի հայտարարություններն ու կոչերը ամենևին էլ չկանխեցին Ադրբեջանի գործողությունները և հիմք չհանդիսացան արցախահայերիս ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Այսօր, երբ խախտված են արցախահայերիս հիմնարար իրավունքները, այդ թվում՝ վերադարձի մեր անօտարելի իրավունքը, միջազգային հանրությունը և քաղաքակիրթ ողջ աշխարհը պետք է պատռի անտարբերության քողը և դիմի գործուն քայլերի՝ համապատասխան պատժի ենթարկելով ոճրագործներին և վերականգնելով հայության ոտնահարված իրավունքները։ Դարեր շարունակ հայության հանդեպ իրականացրած կոտորածները, սարսափելի խոշտանգումները և անմարդկային պայմաններում բռնի տեղահանումներն ու էթնիկ զտումներն աններելի հանցագործություններ են ողջ մարդկության դեմ, որոնք ցավոք գտնվում են միջազգային հանրության կույր աչքերի առաջ՝ սնելով ցեղասպան ծրագրեր և հրահրելով նորանոր ցեղասպանություններ: Այն, ինչ չպատժվեց երեկ, կարող է կրկնվել այսօր՝ նոր ձևերով, նոր տարածքներում։ Այս առումով՝ լռությունը դառնում է նոր ոճրագործությունների ուղեկից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

271