
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ պատիվ է այսօր գտնվել Տալլինում՝ նոր զարկ տալու մեր երկրների միջև հարաբերություններին: Այդ մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծապես կարևորում եմ Էստոնիայի հետ համամարդկային և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձր ենք գնահատում ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես, դրանցում թվային լուծումների և էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունը, օրինակելի է Հայաստանի համար, և մենք, իհարկե, շատ հետաքրքրված ենք այդ հարցում, և հետագա համագործակցությունը խորացնելու առումով»,- ասաց Հայաստանի վարչապետը:
Նա ընդգծեց, որ վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը: «Թույլ տվեք վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք է՛լ ավելի խորացնել առկա փոխգործակցությունը»,- նշեց վարչապետը:
Նա նաև ավելացրեց, որ մեզ համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, ՏՏ և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում:
«Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:
Երկկողմ համագործակցությունից զատ, անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում ՀՀ-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:
էստոնացի գործընկերոջս ներկայացրի ՀՀ-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, ՀՀ քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի քաղաքական աջակցությունը դեպի ԵՄ տանող բարդ և երկարատև ճանապարհին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: