
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը: Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ թե՛ խաղաղ, թե փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որ մենք տածում ենք դեպի Ֆրանսիայի Հանրապետությունը և հանրությունը, համընդհանուր է: Ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և անընդհատ զարգացող հարաբերությունների համար»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական համագործակցությունն այսօր ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ: «Ֆրանսիան շատ կարևոր գործընկեր է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում: Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեր համագործակցությունը նոր հորիզոններ է բացել՝ ամրապնդելով մշակութային և լեզվական կապերը: Այդ իմաստով հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում՝ ազդարարելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակումը: Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջամարտիկը՝ հանդես գալով համագործակցության հարթակ հետաքրքիր, բազմազան և բազմակող քննարկումների համար»,- ասել է նախարարը։
Նա կարևորել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների և այլ հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքումը, որը հիմք կհանդիսանա հետագա համատեղ ծրագրերի համար:
Երկկողմ համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է կարողությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ գրադարանային ոլորտում համագործակցությունը պետք է ուղղվի նաև տեխնոլոգիական զարգացմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Հայաստան- Ֆրանսիա պատմական ու մշակութային բազմաշերտ հարաբերությունները։ Գիտաժողովին մասնակցում են անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան զեկույցներով և քննարկումներով՝ նվիրված երկու երկրների բազմադարյա հարաբերություններին, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաների։ Գիտաժողովի գլխավոր բանախոսը Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն է:
«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուը:
Գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի կունենա հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանությունները և այլն:
Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Գիտաժողովի հանդիսավոր փակումը կկայանա ապրիլի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև տեղի կունենա «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, որը հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակություն: