
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝ համաժողովի անցկացումը Սյունիքի մարզում ռազմավարական կարևոր ունի, շեշտեց՝ ջանք ու եռանդ չեն խնայել այն պատշաճ մակարդակով անցկացնելու, համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն աջակցելու համար։ Նախարարը կոչ արեց ակտիվորեն ներգրավվել քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել և ընդլայնել գործընկերության առկա շրջանակը՝ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց՝ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենոալու մեր ցանկություններին։
Ըստ փոխնախարարի՝ Գորիսում այս համաժողովի կազմակերպումը բնական և սպասելի է՝ հաշվի առնելով ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների, դրանց թվում՝ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը։
«Այս հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք՝ Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը։ Հուսով ենք՝ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում կտեսնենք Սյունիքում ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում»,- ասաց նա։
Կոստանյանի խոսքով՝ երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել ՀՀ-ին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Փոխնախարարը շեշտեց՝ շարունակում է ընդլայնվել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասաց նա։
Կոստանյանն անդրադարձավ նաև Խաղաղության համաձայնագրին, նշեց՝ ՀՀ-ն պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Նրա խոսքով՝ մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։