Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին երեք տարիների ընթացքում ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ, սակայն դրանցից իրական խնդիր է հաստատվել մոտավորապես միայն 5 տոկոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Նոր Նորքի համայնքապետի միջև տեղի ունեցած միջադեպին, որն առաջացել էր Չախոյանի՝ համայնքում գործող մանկապարտեզի շինարարության վերաբերյալ ահազանգից հետո։

«Խոսքը մի մանկապարտեզի մասին է, որը քաղաքապետարանը դեռ չի ընդունել։ Այո՛, այնտեղ որոշ խնդիրներ կան, և Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը դեռ ամբողջությամբ չի վճարել շինարարության գումարը։ Այդ խնդիրների լուծման ուղին շինարարին, տեխնիկական հսկողին և մյուս պատասխանատուներին ներգրաված պահելն է, ինչը մենք անում ենք։

Նման մեթոդով՝ վերջին երեք տարիներին շինարարության ոլորտում հնչած բոլոր հիմնավորված մտահոգությունների պարագայում մենք համապատասխան շտկումներ ենք կատարել։ Երբեք չի եղել դեպք, երբ մենք աշխատանքը ընդունել ենք, բայց հետագայում պարզվել է, որ ահազանգն իրական է եղել», – նշել է Ավինյանը։

Նա հավելեց, որ բարձրաձայնումներից շատերում ակնհայտ սուտ կա։

«Շատ բարձր ստի տարողություն կա այդ դեպքերում։ Հստակ հասկանում են, որ աշխատանքը դեռ ընդունված չէ, բայց շարունակում են բարձրաձայնել այն տեղերում, որտեղ քաղաքապետարանը դեռ չի ավարտել գործընթացը։ Բայց երբ խոսքը հասնում է անձնական վիրավորանքների ու բարոյականության սահմանների խախտմանը՝ կներեք, բոլորս մարդ ենք, բոլորն էլ կարող են նյարդայնանալ ու մի բան ավել ասել։

Կներեք, բոլորի նկատմամբ լիակատար հարգանքով, բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է ուրիշին վիրավորել ու պատասխան չստանալ՝ նա խորը սխալվում է», – ընդգծեց Ավինյանը։

Ի պատասխան դիտարկմանը, թե իր հայրը «Օպելի» վարորդներին համբալ էր անվանել, բայց չի ներկայանում դատական նիստերին, Ավինյանը պատասխանել է. «Դուք այդ օրակարգերը կարող եք քննարկել ընդդիմադիր գործիչների հետ»։

405