
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարզվում է, ըստ հայկական «դեղին» մամուլի, հիփոթեքով տուն ձեռք բերելը «հանցագործություն» է։ Նման եզրահանգման կարելի է հանգել օրերս մամուլում, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու կողմից հիփոթեքով ձեռք բերված բնակարանի շուրջ բարձրացված աղմուկից։
Երբեմնի անաչառ լրատվամիջոցի անուն ունեցող «Հետք» պարբերականը հոդված է հրապարակել, ըստ որի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին՝ Ռոբերտ Աբազյանը, հիփոթեքով բնակարան է գնել Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկում։ Լրատվամիջոցը այդ լուրը մեկնաբանել է այնպիսի ենթատեքստով, իբր Աբազյանի որդին անօրինական գործողություն է կատարել։
Ընդհանրապես, վերջին շրջանում, համապատասխան շրջանակներից սնվող մամուլը, այդ թվում և դեղին մամուլի վերածված «Հետքը», սկսել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձնանց կողմից հիփոթեքով գործարքները ներկայացնել, որպես «հանցանք»։ Հավանաբար այդ շրջանակի մամուլի ներկայացուցիչները մոռացել են, թե ինչպես էին նախկինում ԱԱԾ ղեկավարները գույք ձեռք բերում, կամ հարստանում, կամ ինչպես էին մութ գործարքներ իրականացնում, ինչպես էին քաղաքացիական օդանավ կործանում՝ իրենց շահերի համար։
Այսօրվա դեղին մամուլի համար հավանաբար խորթ է, որ մարդիկ, որոնք աշխատում են և ստանում են բարձր աշխատավարձ, կարողանում են բացառապես օրինական ճանապարհով գույք ձեռք բերել։
Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ կարողանում են հիփոթեքով գույք ձեռք բերել, իսկ դա խոսում է այն մասին, որ տասնյակ հազարավոր մարդիկ ապահովված են աշխատանքով և կարողանում են իրենց կարիքները հոգալ։ Այս փաստը բնականաբար անհասկանալի գուցե թվա դեղին մամուլի ներկայացուցիչների համար, որոնք հիմնականում ֆինանսավորվում են անօրինական ճանապարհով և հիմնականում այն շրջանակների կողմից, որոնք ժամանակին զբաղված էին երկիրը կեղեքելով և թալանելով։
Այսօր այդ շրջանակներին սպասարկող մամուլը սկսել է հարձակվել օրինական ճանապարհով գույք ձեռք բերող մարդկանց, այդ թվում և պաշտոնյաների վրա։ Հատկանշական է, որ թիրախում հայտնվում են հիմնականում այն պաշտոնայները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի անվտանգության հետ։ Այդպիսով նշված լրատվամիջոցնեորը թերևս փորձում են նաև վարկաբեկել այն կառույցներն ու պաշտոնյաներին, որոնք քիչ թե շատ կապված են պետության անվտանգային համակարգի հետ։
Եվս մեկ ուշագրավ փաստ։ Վերջին տարիներին «Հետքում» ընթերցողը դժվար գտնի որևէ հետաքննություն, կամ վերլուծական հոդված, որոնք վերաբերում են Սերժ Սարգսյանի, նրա փեսայի՝ հայտնի Միշիկի, կամ նրան ընտանիքի մյուս անդամների, ԱԱԾ նախկին ղեկավարների, Արցախի ՊՆ, իսկ հետո նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի, արցախցի մյուս բարձրաստիճան օլիգարխ պաշտոնյաների չարաշահումների, ապօրինի հարստությունների վերաբերյալ։
«Հետքի» հետաքննողները բազմաթիվ պախարակող հոդվածներ են գրում տարբեր գործիչների և պետական պաշտոնյաների մասին, սակայն ծպտուն չեն հանում Հայաստանը տասնամյակներով թալանած և կողոպտած նախկին նախագահների և արցախցի որոշ պաշտոնյաների մասին։ Սա է այսօրվա «անաչառ» մամուլի իրական դեմքը։