
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձնված կլինեիք, և այս ամբիոնից չէիք կարող գալ ու այդպիսի բաներ խոսել: Որևէ երկրում, որտեղ կա բռնապետություն, որևէ մեկը չի կարող գալ և երկրի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել այն ամենը, ինչն այս ամբիոնից արեցիք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթի շրջանակում հնչեցված քննադատություններին, թե ՀՀ-ում բռնապետություն է:
«Որ ծաղրում եք, Խաչակրաց արշավանք եք իրականացնում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել, որ ո՛չ կրթվելը, ո՛չ նորաձևությունը ձեզ չեն սպառնում: Հանգի՛ստ եղեք: Դուք «Ժիգուլի» եք և մնալու եք «Ժիգուլի»: Ի սկզբանե ձեր բնորոշումը ես տվել եմ»,- ասաց նա:
Ընդդիմության այն քննադատությանը, թե իշխող ուժն «իշխանությունը պահելու մոլուցքի» մասին է մտածում, Կոնջորյանն արձագանքեց. «Մենք իշխանություն պահելու մոլուցք չենք ունեցել, դրա համար դուք այդտեղ նստած եք: Վարչապետը 2021 թվականին հրաժարական է տվել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վայր են դրել մանդատները, որպեսզի լինեն խորհրդարանական ընտրություններ, որպեսզի դուք էլ գաք այստեղ, հանգրվանեք այդ աթոռների վրա և հիմնականում զբաղվեք պարազիտությամբ՝ ժողովրդի ու հարկատուների վրա»: