
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում:
Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում է ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր կառուցապատման իրավունքը:
Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Գ.Ղ.-ի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցում. հողամասը վերադարձվել է համայնքին: