Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է.

«Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և արժեքների հանդեպ նվիրվածությունը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը։ Այս տարիներին մենք ականատես ենք եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների աստիճանական խորացմանը՝ հատկապես մշակույթի, կրթության և մարդկային շփումների ոլորտներում»։

Գլխավոր քարտուղար Կարապետյանը հատուկ շեշտել է միջմշակութային երկխոսության դերը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու և համընդհանուր արժեքների ամրապնդման գործում՝ արժևորելով Եվրոպական միության և Հայաստանի միջև ձևավորված մշակութային կապերն ու փոխվստահությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը դաշնամուրային մենահամերգով:

112