Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի ԶԼՄ-ների և հեռարձակման խորհուրդը մեղադրել է Իրանին և Թուրքիային Ադրբեջանի դեմ նպատակաուղղված տեղեկատվական հարձակումներ իրականացնելու մեջ՝ նշելով, որ վերջին օրերին նման ակտիվություն է նկատվում հատկապես X, Telegram և TikTok հարթակներում։
«Մենք Իրանից և Թուրքիայից ծագող նպատակաուղղված տեղեկատվական հարձակումների ակտիվացումը (հատկապես X, Telegram և TikTok հարթակներում) համարում ենք անհամատեղելի տեղեկատվական անվտանգության, միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և ապատեղեկատվության դեմ պայքարում միջազգային համագործակցության սկզբունքների հետ և խստորեն դատապարտում ենք այդ գործելակերպը»,- նշված է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խորհրդի հայտարարության համաձայն՝ համակարգված արշավների մասին են վկայում նույնական բովանդակությամբ գրառումների զանգվածային տարածումը, ադրբեջաներեն հեշթեգներով ավելի քան 400 հրապարակումները և մոնտաժված լուսանկարների ու տեսանյութերի շրջանառությունը։
Խորհուրդը քաղաքացիներին և լրատվամիջոցներին կոչ է արել զգոն լինել, զերծ մնալ կեղծ տեղեկատվություն տարածելուց և պատասխանատու դիրքորոշում ցուցաբերել ապատեղեկատվության դեմ պայքարում։