Սերբիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբաշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականի առաջատարը՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որին որակավորման փուլում սպասում էր հիմնական մրցակից Մուսա Եվլոևը։

 

 97կգ քաշային կարգում Ալեքսանյան-Եվլոև գոտեմարտը ավելի շատ սպասվում էր եզրափակիչում, բայց ոսկե մեդալի հիմնական հավակնորդները, ըստ վիճակահանության, մրցեցին որակավորման փուլում։ Հաղթեց Եվլոևը 5։1 հաշվով։

 

Արթուրը հայտնվեց չորեքթաթ վիճակում ու տակտիկական վրիպում թույլ տվեց, ինչից անմիջապես օգտվեց Եվլոևը, որից հետո էլ Ռուսաստանի ներկայացուցիչը գլորումով ևս երկու միավոր վաստակելով հաշիվը հասցրեց 5։0-ի։ Երկրորդ մրցափուլում պարտերում հայտնվեց արդեն Եվլոևը, բայց Ալեքսանյանը մրցակցին գլորել չկարողացավ ու պարտվեց։ Օլիմպիական չեմպիոնը այս պարտությունից հետո միայն կարող է մտածել բրոնզե մեդալի մասին, այլ էլ եթե Եվլոևը հասնի եզրափակիչ։

 

63կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը իր առաջին գոտեմարտում ուժերը չափեց թուրք Աբդուռահման Աթլանի հետ։ Առաջին մրցափուլում վաստակելով 3 միավոր՝ Ղարիբյանը պահպանեց իր առավելությունն ու ի վերջո հաղթեց 3։1 հաշվով։

 

130կգ քաշային կարգում էլ Դավիդ Օվասապյանը առաջին գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեց սերբ Բոբան Ժիվանովիչին։

 

Դեկտեմբերի 12-ին կայացած գոտեմարտերից հետո հայ ըմբիշներից երեքը՝ Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Սլավիկ Գալստյանը (67կգ) և Կարապետ Չալյանը (77կգ) հնարավորություն էին ստացել սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։

 

Ռուդիկ Մկրտչյանը գոտեմարտեց 2018 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիի հետ։ Մրցակցի առավելությունը բացահայտ էր։ Մկրտչյանը պարտվեց ու դուրս մնաց պայքարից։ Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար գոտեմարտին մասնակցելու համար մրցեց պերուացի Նիլտոն Գարսիայի հետ։ Գալստյանի հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, և բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ։ Իսկ ահա Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտի իրավունքը նվաճեց գերմանացի Պասկալ Էյզելի նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակից հետո։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Չալյանի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեշն է։



Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

3351