
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 5-ին տեղի է ունեցել տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի ընդունելություն: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բանկերի կողմից բանկային գործարքների (օնլայն բանկինգի/էլեկտրոնային հավելվածներով իրականացվող գործարքների ընթացակարգերի) անվտանգությանը, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանությանը, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողությանը, նախաձեռնված քրեական վարույթներին և այլն։
Բարձրացված հարցերն ըստ գերատեսչությունների պատշաճ հասցեավորելու, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների կարգավորման համար պետական մարմինների իրավասության սահմաններում ձեռնարկվելիք միջոցառումների ուղղությունները նախանշելու նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 20-ին ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքում քննարկված խնդիրների առնչությամբ Պաշտպանի կողմից գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Վերոգրյալի հետ մեկտեղ, քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բանկերից ստացվող հաղորդագրությունները, բանկային հավելվածների ծանուցումները, բանկային գործարքների հաստատման կոդերն ուղեկցող հաղորդագրությունները վերջիններս ստանում են օտար լեզվով։ Նշել են նաև, որ այդ պատճառով իրենց մոտ առաջանում է շփոթություն և չեն կարողանում տարբերակել, թե դրանք ուղարկվել են բանկի՞, թե՞ զեղծարարների կողմից։ Նշված հանգամանքների հաշվառմամբ՝ Պաշտպանը գրություն է հասցեագրել իրավասու մարմնին։
Բարձրացված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, և Պաշտպանն իր մանդատի շրջանակում շարունակաբար իրականացնելու է տարատեսակ աշխատանքներ տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։