Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում մասնակցել են շրջանավարտների վերջին դասի ամփոփիչ միջոցառմանը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է ձեռքբերումներ՝ մասնագիտական առաջընթացի ճանապարհին:

«9-րդ դասարանն ավարտող այն շրջանավարտները, որոնք կողմնորոշվում և համարձակություն են ունենում ընտրել մասնագիտություն, արդեն իսկ որոշակիորեն կայացած անձինք են: Մաղթում եմ, որ ձեր կյանքի առավել հասուն շրջանը սկսեք երջանիկ և հաջողակ քայլերով»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են իրենց արդյունքը, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են.

«Ուրախալի է, որ սովորողների և շրջանավարտների՝ աշխատանք գտնելու հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են։ Վստահ եմ՝ առաջիկա տարիներին մասնագիտական կրթության ոլորտում տեղի կունենան շեշտակի փոփոխություններ՝ պայմանավորված կրթության որակի բարձրացմանը միտված նոր ընթացակարգերով և մեխանիզմներով»։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել քոլեջի դասախոսական կազմին աշխատանքի և հետևողական ջանքերի համար:

«Վստահ եմ՝ չնայած դժվարություններին կարողացել եք պատվով և արդյունավետ իրականացնել կրթության գործի ապահովման առաքելությունը: Մաղթում եմ, որ նորանոր սերունդներ ուղղորդեք դեպի մասնագիտական ոլորտ, քանի որ մեր երկրին խիստ անհրաժեշտ են պատրաստված և մրցունակ մասնագետներ։ Գործազրկության բարձր ցուցանիշներին զուգահեռ՝ բազմաթիվ ոլորտներում բախվում ենք մասնագետների բացակայության խնդրին: Սա, թերևս, նշանակում է՝ մեր ռեսուրսները միշտ չէ, որ ճիշտ են տեղաբաշխված: Լիահույս եմ, որ քոլեջն իր ազդեցությունն ու նշանակությունը կունենա նաև երիտասարդներին ուղղորդելու, ճիշտ և հեռանկարային մասնագիտություն ընտրելու, նրանց ներուժն ավելի արդյունավետ իրացնելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ավարտական միջոցառման շրջանակում շրջանավարտները ներկայացրել են իրենց մասնագիտական կրթության ճանապարհը, պատմել ստացած գիտելիքների և արժեքների ձևավորման մասին։

Մի շարք մասնագիտությունների գծով քոլեջի սովորողներն արդեն իսկ ներգրավված են աշխատաշուկայում՝ աշխատանքային պրակտիկայի ընթացքում արձանագրելով հաջողություններ:

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի՝ «Հաշվապահական հաշվառում», «Մենեջմենթ», «Շուկայաբանություն», «Ապահովագրական գործ», «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ», «Սառնարանային տնտեսություն», ինչպես նաև «Վերականգնվող էլեկտրաէներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտություններով:

229