
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային կլոր սեղան-հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և մարտահրավերները։ Այս համատեքստում նա անդրադարձել է ՏՄԱԿ-ների գործունեությանը, ներառական կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու դրանց լուծումներին։
Նախարարի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել դպրոցներում առկա բռնության դեպքերի կապակցությամբ։ Նա կարևորել է բռնության կանխարգելման և հաղթահարման գործում ՏՄԱԿ-ների ներգրավվածությունը՝ մանկավարժների, ծնողական համայնքի, սովորողների իրազեկության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և բռնությունից զերծ ուսումնական միջավայրի ապահովման տեսանկյունից։ Նախարարի տեղակալը խոսել է նաև դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման և այդ ուղղությամբ նախանշված գործընթացների մասին։
Անդրադարձ է կատարվել ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների ծավալներին, դրանցով պայմանավորված խնդիրներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող աշխատանքների և ռեսուրսների համապատասխանության վերաբերյալ վերլուծություններին։ Ընդգծվել է ուսումնական հաստատություններում մատչելի ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտությունը՝ սովորողների լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով։
Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական նախագծի մասին՝ շեշտելով ծրագրի արդյունավետությունը և Հայաստանի այլ դպրոցներում դրա ընդլայնման հնարավորությունները։
Նախարարի տեղակալը դիտարկել է նաև ծնողավարման հմտությունների հետ կապված մարտահրավերները․ «Ծնողներն ամենակարևոր օղակն են այս գործընթացում, և ծնողավարման լուրջ խնդիր ունենք, ընդ որում՝ ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այլև բոլոր երեխաների ծնողների առնչությամբ»։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության ոլորտում նախատեսվող թվայնացման գործընթացներին։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից բարձր երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն զարգացման բարդ խնդիրներ՝ հատկապես ծանր և խոր արտահայտված. «Օրինակ, եթե, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում․ նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»։ Առաջիկա ուսումնական տարին պլանավորելիս կքննարկվի նաև վերոնշյալ փոփոխությունների իրականացման ժամանակացույցը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է ՏՄԱԿ-ների և դպրոցների մանկավարժահոգեբանական աջակցության թիմերի համագործակցության կարևորությունը, որն ուղղված է մանկավարժահոգեբանական ծառայությունների ապահովմանը երեխաների կրթության իրացման և սոցիալականացման գործընթացում։
ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերը և ներկայացրել առաջարկություններ ու հարցերի լուծման հնարավոր ուղիները: