
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը նախ հարգանքի տուրք է մատուցում Հայոց անկախության համար բոլոր նահատակվածների հիշատակին և վերահաստատում հայ փախստականության իրավունքների վերականգնման պայքարի իր հանձնառությունը և կոչ անում միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ փախստականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը:
-Պարոն Գաբրիելյան, մայիսի 28-ը հայոց պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Այդ օրը ոչ միայն վերականգնվեց Հայոց պետականությունը, այլև հայ ժողովուրդը ստացավ անվտանգ կենսագործունեության երաշխիք։ Ո՞րն է անկախության խորհուրդը Ձեզ համար։
- 1918 թ․ մայիսի 28-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության անկյունաքարային իրադարձությունը՝ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Պատմականորեն այդ դժվարին ժամանակաշրջանում Հայոց պետականության վերականգնումը դարակազմիկ նշանակություն ունեցավ երկրամասի հայության համար, որն իրապես կանգնած էր գոյութենական սպառնալիքի առաջ։ Նախորդող հարյուրամյակների ընթացքում, զրկված լինելով անկախ պետականությունից, հայ ժողովուրդն իր վրա կրել էր օտար տիրապետության ողջ դաժանությունն ու ազգային դիմագծի պահպանության մարտահրավերները, ուստի թեկուզ և փոքր տարածքում, պատերազմական իրավիճակում, գաղթականության հսկայական զանգվածներով և տնտեսապես քայքայված վիճակում անկախության հռչակումը ավելի լավ ապագայի առհավատչյա էր։ Այն հայության բնականոն կենսագործունեության ապահովագրությունն է, որ իր մեջ կրում է անկախության խորհուրդը։ Սակայն անկախության հռչակումը չէր նշանակում առկա խնդիրների լուծում և չէր կանխում մոտ ապագայում առաջանալիք խնդիրների հավանականությունը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գաղթականության խնդրին և փախստականության նոր հոսքերի առաջացմանը։
- Փաստորեն 1918-1920 թթ․ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից մեկը նաև փախստականության նոր զանգվածների առաջացումն էր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս էր տեղի ունենում հայության տեղահանումը։
- 1918-1920 թթ․ երկրամասում հայության ֆիզիկական գոյության և այդ գոյության տարածքային ձգվածության արեալի կրճատման առումով մեծ նշանակություն ունեցան։ Ցավալիորեն այդ ազդեցությունը կրում էր գլխավորապես բացասական բնույթ։ 1918 թ․ մայիսի 28-ին Հայաստանից բացի՝ երկրամասում իր անկախությունը հռչակեց ևս մեկ պետություն՝ «Ադրբեջան» անվամբ, որը նախկինում երբևէ գոյություն չէր ունեցել աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Եվ ծայրահեղ ազգայնական հայատյաց արմատներով այս պետական կազմավորումն ի սկզբանե ձևակերպեց տարածքային լայն պահանջներ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հաշվին, իսկ իր կառավարության փաստական վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող հայությունը դարձավ ուղղակի ֆիզիկական բնաջնջման թիրախ։ Այս են վկայում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի 30-35 հազար հայության կոտորածը, 1920 թ․ մարտին Շուշիի հայության կոտորածը և այլն։ Բնական է, որ նման էթնիկ զտումները հանգեցնելու էին փախստականության նոր հոսքերի, որոնք ստիպված էին ապաստան գտնել նորաստեղծ անկախ պետականության սահմաններում։ Ասվածի վառ օրինակն է Ագուլիսի հայության կոտորածը։ 1919թ․ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը, ինչպես Նախիջևանի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական զորքերի թիրախում։ 1919թ․ զենքի սպառնալիքի տակ Ագուլիսներն ընդունեցին ադրբեջանական հպատակություն։ Սակայն շուտով սկսվեց Ներքին Ագուլիսի կոտորածը, որին զոհ գնացին 400 խաղաղ բնակիչներ, մյուսները մազապուրծ ապաստան գտան Վերին Ագուլիսում։ Հաշված օրեր անց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը ներխուժեցին Ագուլիս և երկու օր շարունակ սպանդի ու կոտորածի ենթարկեցին ամբողջ բնակչությանը։ Ագուլիսը ամբողջությամբ կողոպտվեց, թալանվեց և ավերվեց։ Երկու Ագուլիսներում սպանված հայերի թիվը ավելի քան 1400 է։
- Այսինքն` հստակորեն կարող ենք պնդել, որ ներկայիս ժողովրդագրական իրողություններն իրենց արմատներով հասնում են երկու ժողովուրդների պետականությունների կերտման ժամանակաշրջան։
- Ոչ միայն կարող ենք պնդել, այլև ապացուցել, որ, դիցուկ, Նախիջևանի ապահայկականությունը սկիզբ առավ հենց այս ժամանակաշրջանից, երբ զենքի սպառնալիքի տակ տեղահանված անձանց հնարավորություն չտրվեց վերադառնալ բնակության նախկին վայրեր։ Այսինքն` հետևում է, որ հայության ֆիզիկական գոյության անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել անկախ պետականությունը։ Այսօր, ավելի քան մեկդարյա հեռավորությունից բարդ է հասցեագրել հայության հանդեպ կատարված հանցագործությունների պատասխանատվությունը։ Սակայն դրանց վերհանումը իրապես կարևոր է հասկանալու և համակարգային գնահատական տալու արդեն 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության էթնիկ զտումներին, ինչպես նաև 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանմանը։
Փաստացի մենք ունենք ավելի քան հարյուր տարի ձգվող էթնիկ զտումների անընդհատելի շարք՝ ուղղորդվող և իրականացվող անմիջապես ադրբեջանական վարչակարգի կողմից։ «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը նախ հարգանքի տուրք է մատուցում Հայոց անկախության համար բոլոր նահատակվածների հիշատակին։ Մենք վերահաստատում ենք հայ փախստականության իրավունքների վերականգնման պայքարի մեր հանձնառությունը և կոչ ենք անում միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ փախստականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։