Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Երանուհի Մելիքյանը Հայաստանը ներկայացրել է Miss Earth «Միսս Երկիր 2020»  գեղեցկության միջազգային մրցույթում։

«Աշխարհում կա ավելի քան 70 հազար գեղեցկության մրցույթ. դրանցից լավագույն 4-ը՝ Miss World-ը,  Miss Universe-ը, Miss International-ն ու Miss Earth-ն են։ Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի ներկայացուցիչը լինել նման հեղինակավոր միջազգային մրցույթում։ Այս տարի աշխարհի բոլոր գեղեցկության մրցույթները չեղարկվել էին Covid-19 համավարակի պատճառով: Միայն Miss Earth-ը փորձեց այլընտրանքային լուծում գտնել՝ պատմության մեջ առաջին անգամ մրցույթն անցկացնելով օնլայն տարբերակով։ Պայմանագիրը կնքվել է և մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի սկզբին՝ մինչ Արցաքխի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմը»,- մանրամասնում է Երանուհի Մելիքյանը:  

Մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 29-ին։ Չնայած պատերազմական իրավիճակում և՛ հոգեպես, և՛  ֆիզիկապես դժվար էր, բայց սովորողին հաջողվում է  պատվով ներկայանալ, բարձրաձայնել մեր երկրի պատերազմական իրավիճակի մասին, ծանոթացնել մեր տեսակին և մշակույթին։

«Արդյունքը եղավ ազգային տարազի փուլում բրոնզե մեդալը։ Նրանք մեկնաբանեցին, որ Հայաստանի ներկայացուցիչը կարծես արտահայտեր իր ազգի սրտի տրոփյունը և որ նա շատ համահունչ էր իր ազգային հագուստի հետ։ Տարազը ընտրել էինք «Տերյան» մշակութային կենտրոնի  տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ այդ դժվար պահին մեզ տրամադրեցին Արցախի լավագույն տարազներից մեկը»,- պատմում է ԵՊԲՀ սովորողը: 

Նրա եղբայրը կամավորների շարքում էր և գտնվում էր առաջնագծում։

«Ապրում էինք ամեն օրվա զանգով։ Դա կհասկանան նրանք, ովքեր պատերազմի դաշտում հարազատ ունեին: Հասկացա, որ եթե նա մարտընչում է այնտեղ, մենք պարտավոր ենք պայքարել այստեղ: Սկսեցինք այդ հարթակը օգտագործել մեր երկրում տիրող իրավիճակի մասին մյուս մասնակից 89 երկրին տեղեկացնելու համար։ Բոլոր ուղիղ եթերների ընթացքում իմ գլխավերևում երևում էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ես հաճախ էի խոսում պատերազմական իրավիճակի մասին: Եվ դա տվեց որոշակի արդյունք։ Նրանք սկսեցին արդեն իրենք հետաքրքրվել ներկա իրավիճակով»,- հավելում է կլինիկական օրդինատորը:

Նորաձևության բնագավառում նա իր քայլերը սկսել է 13 տարեկանից: Նշում է, որ սիրով է համատեղում երկու մասնագիտությունները:

 

 

 

 

14 Դեկտեմբեր, 2020 15:33
419
; ;