
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, առևտրային ծրագրի միջոցով գործարքները ձևակերպելիս դրանց մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվել հսկիչ դրամարկղային մեքենա ու դուրս չեն գրվել հարկային հաշիվներ, իսկ իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է տան նկուղային հարկում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգում։
Այսպիսով, Խ.Պ.-ն թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:
Խ.Պ.-ի և Ա.Պ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամ, արգելանք է դրվել Խ.Պ.-ին և Ա.Պ.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի, բանկային հաշիվների վրա:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: