Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին Երևանի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ են ստացել։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։

Տեղեկությունները փաստաթղթավորվել և փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ, Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվել են էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, մեկ փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա հինգ սրվակ, ինչպես նաև ինքնաշեն չորս ատրճանակ, գրչանման կրակող երկու սարք, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ։

48-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

341