Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատեց  ծրագիր, որով անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամներին հնարավոր կլինի ներգրավել վճարովի հասարակական աշխատանքներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Նախագծի շրջանակում գործատուներին, որոնք պատրաստ են այս խմբի քաղաքացիներին ներգրավել աշխատանքներում, պետությունը կաջակցի ամսական 21 օրվա աշխատանքի կտրվածքով՝ 73 հազար դրամի չափով։

Նախագիծը կիրառելի կլինի հետևյալ ոլորտներում․ քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ՝ դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական հաստատությունների, մայթերի, այգիների, խաղահրապարակների վերանորոգում և բարեկարգում, սոցիալական և համայնքային ծառայություններ՝ միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց սպասարկում, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն՝ մշակաբույսերի աճեցում, անտառապատում, ոռոգում, մշակույթ և զբոսաշրջություն՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների և քայլարշավային արահետների մաքրում, կրթություն՝ ուսուցիչների օգնականների, տեխնիկական ու մասնագիտություն չպահանջող աշխատանքներ։

«Գործատուն կարող է մասնակցել ծրագրին, եթե տվյալ ոլորտում գործունեություն է ծավալում առնվազն երեք տարի և ունի տարեկան առնվազն տասը աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանվում է 3-ից 12 ամիս։ Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, իսկ պետությունը վճարում է աշխատանք կատարած յուրաքանչյուր օրվա համար 3500 դրամ»,- ասաց Ժամակոչյանը։

202