Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տնտեսության ներսում կառուցվածքային որոշակի խնդիրներ ենք տեսնում: Այսօր ես տեսա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին նվազել. դրա բացատրությունը կապված է այդ թվում ներքին պահանջարկի որոշակի նվազմամբ: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց՝ նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրությամբ, երբ հիմնականում փոքր տնտեսությունները՝ մինչև 15 կվտ, իրենց արտադրածն սպառում են, և դա չի արտացոլվում արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ:

«Վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է, և այս պահին ունենք տեղադրված արդեն շուրջ 770 Մվտ հզորությամբ կայաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է»,- պարզաբանեց նախարարը:

Փաշինյանը նշեց կարևոր այս հանգամանքը, ապա հիշեցրեց, որ 2018-2020 թվականներին ակտիվորեն քննարկվում էր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը, և այս ընթացքում վերականգնվող արևային էներգիայով գրեթե երկու ատոմակայանի հզորության արևային հզորություններ են գեներացվել:

«Ես սա համարում եմ լուրջ ձեռքբերում: Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»,- ասաց նա:

538