Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրեց «Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշեց, որ ներկայացվող հաշվետվությունը վերաբերում է 2024 թվականի օրացուցային տարում իրականացված գործողություններին, որոնք իրականացվել են դեռևս գործող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» շրջանակում:

«Հաշվետու ժամանակահատվածում երկու ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ կայացվել են Կառավարության որոշումներ, որից մեկի մասնավորեցումը արդեն իսկ իրականացվել է»,- հայտնեց Ավետիսյանը:

Նրա խոսքով, հաշվետու տարում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն։

Ըստ զեկուցողի, մասնավորեցումից ստացված ընդհանուր գումարը կազմել է 321 միլիոն դրամ։ Դրանից 226 միլիոն դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ մնացած 94 միլիոն դրամը՝ համայնքային բյուջեներ։

Մասնավորեցման գործընթացի շրջանակում 2024 թվականին իրականացվել է մեկ ընկերության բաժնետոմսերի ուղղակի վաճառք։ Չորս գնորդները պահպանել են ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները։ Միաժամանակ, մեկ գնորդի կողմից պարտավորությունների չկատարման պատճառով գործընթացը տեղափոխվել է դատարան, իսկ մեկ այլ գնորդի դեպքում հաշվարկվել է 30 միլիոն դրամի տուգանք՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

«Հաշվետու ժամանակահատվածում լուծարման որևէ գործընթաց չի իրականացվել»,- հավելեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։

127