
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ թիվ 190 կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից 2019 թվականին և ուժի մեջ է մտել 2021 թվականին։ Մինչ այժմ այն վավերացրել են արդեն 50 երկրներ։
Նրա խոսքով՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին և այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաև վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները և աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին և աշխատանքի դիմողներին:
Այն վերաբերում է նաև գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:
Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ:
Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում:
Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:
Կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար:
Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կհամարվի արդար աշխատանքային պրակտիկայի խթանման հանձնառու երկիր, ինչը կնպաստի միջազգային հանրության հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը և ամրապնդմանը:
Դրա վավերացումը ցույց կտա Հայաստանի հանձնառությունը բոլոր աշխատողների, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են բախվել աշխատավայրում բռնության և ոտնձգությունների ավելի մեծ ռիսկերի:
Օրենսդրության և քաղաքականության ամրապնդման տեսանկյունից Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը՝ դառնալով ավելի ամուր՝ բռնության և ոտնձգությունների դեմ պայքարում:
Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց՝ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել է դրական եզրակացություն: