

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.
«Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ,
Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման նպատակով կատարված աշխատանքի համար։
Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ,
Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում՝ տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում։
Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ և օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։
Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար:
Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։
Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ։
NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։
Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական «sandbox»-ներ ստեղծելու և կարգավորող շրջանակ ձևավորելու գործում՝ հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, պարզեցնում ընթացակարգերը և բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների և բիզնեսի համար։
Ստեղծված և ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։
Արդեն այսօր նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը՝ անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն սոցիալական և տնտեսական քաղաքականություններում։
Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված և ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանությունը։
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը՝ թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման և փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։
Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։
Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։
Շնորհակալություն ուշադրության համար»։