
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրաձայնել է Եվրասիական տնտեսական միության անդամների միջև ֆիզիկական սահմանների բացակայության հարցը՝ մատնանշելով այդ խնդրի շուրջ կարգավորումների կարևորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ:
Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգը չի ներառում ֆիզիկական սահմաններից զերծ համագործակցության մոդել։ Որպես օրինակ՝ նա նշեց Վերին Լարսի անցակետը՝ կարևորելով դրա գործունեությունը Հայաստանի համար։
Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը ԵԱՏՄ-ի հաջողության և հեռանկարների գրավականն է։
«Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն զարգացման, հեռանկարային լինելու և հավակնությունների տեսանկյունից պետք է ունենա կարգավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատել այն երկրների հետ, որոնք ֆիզիկական սահմաններ չունեն Միության հետ։ Կամ էլ մենք պետք է սահմանափակենք տարածաշրջանային զարգացման շուրջ հավակնությունները միայն սահմանակից պետությունների հետ համագործակցությամբ։ Մենք պետք է ունակություն ունենանք աշխատելու այն պետությունների հետ, որոնց հետ մենք չունենք ընդհանուր սահմաններ։ Դա հաջողության գրավականն է»,-ընդգծել է ՀՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ վերաբերում է, առհասարակ, բոլոր ոչ սահմանակից պետությունների հետ համագործակցությանը։