
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ведомости»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությունն արդեն իսկ վնասում է հանրապետության տնտեսությանը, փոխանցում է Araratnews.am-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հանգեցրել է զգալի տնտեսական աճի. «Հայաստանի տնտեսական հաջողությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրությունն են», - ընդգծել է Օվերչուկը։
Նա նշել է, որ այնուամենայնիվ, Երևանն այժմ ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցումը։ Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու շնորհիվ ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել։«2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։ 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։ Եվ սա միայն ռուսական բիզնեսի արձագանքն է հայկական քննարկմանը», - ասել է փոխվարչապետը։
Օվերչուկը շեշտել է, որ Ռուսաստանը կհարգի հայ ժողովրդի ընտրությունը։ Սակայն ԵՄ-ի հետ մերձեցումը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև լիակատար խզման։ «Հայերը ցանկանում են դա, թե ոչ, դա հարց է, որին նրանք պետք է պատասխանեն», - ընդգծեց նա։