Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 30-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: Կարևորվել է բարձր մակարդակի այցելությունների միջոցով երկկողմ հարաբերությունների խթանումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Եվրոպական երկրների հետ փորձի փոխանակման ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Վահան Կոստանյանը և Ֆրանո Մատուշիչն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

117