
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը:
Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն:
Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը:
Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:
Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։
Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»,- ասել է վարչապետը: