Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությանը։

Լիտվայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Աննա Վարդապետյանը ողջունել է լիտվացի գործընկերոջը և ընդգծել՝ ուրախ է, որ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությունը կրկին Հայաստանում է, և կրկին առիթը ՀՀ դատախազության կողմից անցկացվող համաժողովին մասնակցելն է:

Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև ձևավորված ջերմ գործընկերային հարաբերությունները նպաստում են երկու երկրներում դատախազական գործառույթների հետ կապված հարցերի արագ և արդյունավետ լուծմանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

107