
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աջակցությամբ հուլիսի 4-15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:
Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր:
Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն է: Նրան կմիանան համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, այդ թվում՝ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշներ: Առաջին անգամ փառատոնում էլեկտրոնային երաժշտությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմի ելույթով։ Մեկ այլ բացառիկ առանձնահատկություն է 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը Լոնդոնից։
Կապանի պետական արվեստի քոլեջի երգեհոնի դահլիճում անցկացվող «Կապան ֆեստի» ծրագրում նախատեսված են ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։
Փառատոնը շարունակում է սերտ համագործակցել առաջատար հայ և արտասահմանցի երաժիշտների հետ, որոնք իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը. նրանց թվում են Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Ժյուլիեն Լիբերը, Անդրեյ Գրիդչուկը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհը, Էլլի Սուն, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և այլք։
Այս տարի «Կապան ֆեստը» կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչպես նաև հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։
«Կապան ֆեստի» հիմնադիրը թավջութակահար Սևակ Ավանեսյանն է: