
Հակված ենք, որ սեպտեմբերին կվերաբացվեն երաժշտական և նկարչական դպրոցները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե երբ կվերաբացվեն վերը նշված ուսումնական հաստատությունները:
«Վերաբացումը պայմանավորված է նաև ընդունելությամբ, բայց եղած աշակերտների համար դպրոցները կվերաբացվեն` համաճարակային կանոնների պարտադիր պահպանմամբ»,-ընդգծեց քաղաքապետը:
Araratnews.am-ի հարցին, թե հնարավոր է արդյոք ընդունելությամբ պայմանավորված՝ դպրոցները չվերաբացվեն, իսկ աշակերտներն էլ ստիպված լինեն տեղափոխվել այլ կրթօջախներ, Դիանա Գասպարյանն ասաց, որ նման բան չի լինի:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Araratnews.am-ը զրուցել էր ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք սեպտեմբերին կվերաբացվեն հանրակրթական դպրոցները: Վարչության պետի տեղակալի փոխանցմամբ՝ նախարարությունը քննարկում է դպրոցների վերաբացման երեք հնարավոր սցենար:
Հայկ Մագոյան