Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության 9-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՄՊՀ-ից:

«Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել և ընդգծել է, որ ներկայիս փոփոխվող աշխարհում մրցակցային մարմինները բախվում են նոր մարտահրավերների, որոնք պահանջում են ավելի սերտ համագործակցություն։ Նա նշել է, որ համատեղ ջանքերն անհրաժեշտ են ոչ միայն միջազգային, այլև երկկողմ մակարդակում՝ ընդհանուր մտահոգություններն արդյունավետորեն լուծելու համար: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը հանդես է եկել առաջարկով, որ UNCTAD-ը կարող է ծառայել որպես հարթակ, որը կնպաստի ընդհանուր մտահոգություններն արդյունավետորեն լուծելուն։

«Այսպիսի համագործակցությունը ոչ միայն կվավերացնի մեր երկրում իրականացվող բարեփոխումների ճիշտ ուղղությունը, այլ նաև կբացի նոր հեռանկարներ՝ իրավակիրառման կարողությունների զարգացման և համընդհանուր մարտահրավերներին համակարգված արձագանքելու համար»,- նշել է Գեղամ Գևորգյանը։

Համաժողովի ընթացքում Գեղամ Գևորգյանն ունեցել է հանդիպումներ մի քանի երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։

Գեղամ Գևորգյանը հանդիպել է նաև Consumers International կազմակերպության, որը սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որին անդամակցում են ավելի քան 200 կազմակերպություններ՝ 100 երկրներից, նախագահի և ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը և համագործակցության հնարավորությունները Սպառողների համաշխարհային կոնգրեսի շրջանակում»,- նշվում է հաղորդագրությունում։

97