
Ես համակարծիք չեմ այն պնդումներին, թե Էրդողանը ցանկանում է մասշտաբային պատերազմ այս տարածաշրջանում: «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ և «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Գաբրիելյանը։
«Պետք է հաշվի առնել շատ պարզ հանգամանքներ, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, Ռուսաստանն էլ մեր դաշնակիցն է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք ՀԱՊԿ անդամ ենք: Փաստորեն, խոշորամասշտաբ պատերազմի դեպքում ակնհայտ է, որ այս երկու երկրները` Ռուսաստանն ու Թուրքիան, հայտնվում են միմյանց դեմ պատերազմելու սպառնալիքի առջև»,- մասնավորապես ասաց բանախոսը:
Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ երկու պետությունները հարկադրված են լինելու ներքաշվել պատերազմի մեջ, բացի այդ՝ ոչ ոք համոզված չէ, որ պատերազմի դեպքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, չեն տուժի:
«Պարտադիր չէ, որ այդ ենթակառուցվածները մենք պետք է պայթեցնենք: Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանն ինքը կարող է պայթեցնել, որպեսզի դրա պատասխանատվությունն ու հետևանքները դնի մեզ վրա,- նկատում է Գաբրիելյանը, ապա կարևորում.- Մենք դա երբեք չենք անի, քանի որ այդ ենթակառուցվածքների դեմ ոչինչ չունենք, մենք ահաբեկչական պետություն չենք: Չենք վնասի ենթակառուցվածքները, քանի որ դրանից նախ կտուժի մեր բարեկամ Վրաստանը, ապա Եվրոպան, ինչու ոչ նաև Թուրքիան: Այսպիսով մենք խնդիրներ կունենանք նաև միջազգային կառույցների հետ»: