Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու  նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու վարքի ամրապնդման վերաբերյալ քննարկումն էր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարեվարքության հատկանիշներին, կոռուպցիոն դրսևորումներին և այն հարցին, թե ի՞նչ ներդրում կարող են ունենալ դպրոցականները կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում:

Պատասխանելով աշակերտների՝ կրթության կարևորության մասին հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կրթությունն իր համար ազատության ճանապարհ է:

Հանդիպման ավարտին Աննա Վարդապետյանն Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: 

Զրույց-քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, այլք:

104