
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը, ինչպես նաև շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։
Նշվել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այցելուների հոսքին չխոչընդոտելու նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում. այժմ ընթանում են առաջին երեք մույթերի վերականգնման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով հուշահամալիրի խորհրդանշական նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Նա հորդորել է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի պահպանվեն սահմանված ժամկետները և ապահովվի համալիրի ամբողջական վերականգնումը՝ ամենաբարձր մակարդակով: Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ջրահեռացման խնդիրը։ Վերջինիս պատճառով մույթերի քարերը քայքայվում էին, առաջացել էր քարաթափման վտանգ, իսկ վարչական ու թանգարանի մասնաշենքերում տարիներ շարունակ գրանցվում էր անձրևաջրերի ներհոսք։ Միաժամանակ նշվել է, որ իրականացվող աշխատանքները որևէ կերպ չեն փոխելու հուշահամալիրի արտաքին տեսքը։
Մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ըստ անհրաժեշտության ներգրավել նաև մասնագիտական առաջատար կառույցների ներուժը՝ ստանալով նրանց կարծիքն ու դիտարկումները: Ժաննա Անդրեասյանին են ներկայացվել նաև սալաքարերի և անկյունաքարերի նմուշները, որոնք ջրամեկուսացման աշխատանքների ավարտից հետո ամրացվելու են մույթերի թիկնամասերին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկփուլ հիմնանորոգումը մեկնարկել է դեռ 2024 թվականի վերջին: Առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։